ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Շնորհավոր տարեդարձդ, հերոսի հայր

Շնորհավոր տարեդարձդ, հերոսի հայր
25.06.2024 | 22:56

2001 թվականի ապրիլի 4-ին քեռուս ընտանիքում ծնվեց երկար սպասված զավակը՝ երեք քույրերի միակ եղբայրը: Կոլյան զվարթ բնավորությամբ, բոլորին միշտ օգնելու պատրաստ, ընկերասեր երեխա էր: Հետո էլ այդպիսին լինելու էր բանակում՝ ծառայակից ընկերներին իր շուրջը համախմբող, ամուր ընկերություն ստեղծող զինվոր:

Ծառայում էր Արցախում՝ Մարտունի 3-ում:

Պատերազմը սկսվելուն պես նա իր ընկերների հետ ամենաթեժ մարտական հենակետերում էր: 33 օր շարունակ իր ընկերների հետ քաջաբար դիմադրեց ոսոխին:

Պատերազմի օրերին, երբ զանգհարում էր, ծնողների լարված հոգեվիճակը զգալով, բարձր տրամադրությամբ, վճռականությամբ լի ասում էր.

- Պապ ջան, իմ մասին մի մտածեք: Ես ախպերներիս՝ իմ ընկերների կողքին եմ: Պիտի կռվենք, որ ստոր թշնամուն արժանի պատասխան տանք:

Վախենալ հասկացությունը մեր եղբոր համար չէր։ Եվ քեռուս` Պարույր Նիկողոսյանի տանը մեր ժպտացող հրետանավոր հերոսի մասին բոլոր զրույցները սկսվում և ավարտվում են բանակում ծառայելու ժամանակ ասած նրա խոսքերով.

- Պապ ջան, հայ տղան պիտի ծառայի։ Եթե բանակ չգնաց, չիմացավ, թե սահմանը, հողը ինչ է, էլ նա ի՞նչ տեսակ տղա է։

Մեր եղբայրը գիտեր սահմանի ու Արցախի արժեքը։ Գիտեր և արդեն պատերազմի օրերին ծնողների հետ հերթական` այդ մի քանի հատիկ ` սպասված ու թանկարժեք րոպեների ընթացքում հերթական հեռախոսազանգի ժամանակ ասել էր.

- Հենց պատերազմը վերջանա, բոլորդ գալու եք այստեղ` Արցախ, որ տեսնեք, թե ինչպիսի հող ենք պահել։ Ես ձեզ շատ բան ունեմ պատմելու այս պատերազմի մասին:

...Կոլյա Նիկողոսյանի անմահության ուղին սկսվեց 2020 -ի հոկտեմբերի 31-ին՝ իրենից հետո թողնելով հավերժ սպասում և կարոտ:

Այսօր նրա հայրիկի` Պարույր Նիկողսյանի ծննդյան տարեդարձն է:

Խոնարհվում ենք քո առաջ, հերոսի հայր, մեր սիրելի քեռի: Եղիր առողջ: ՈՒզում ենք, որ լինես ամուր, որովհետև քեզ այդպիսին կուզենար տեսնել մեր լուսավոր եղբայրը:

Եղիր ուժեղ, քեզ հետ միասին շարունակենք ապրեցնել մեր հերոս եղբորը, ով այլևս անմահների գնդի մարտիկ է և պատկանում է ազգին ու գալիք սերունդներին:

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1598

Մեկնաբանություններ